Հայաստան – Լուրեր – Լրատվություն - Օրաթերթ: «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը Ստամբուլում հուզել է թուրք հանդիսականին «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը Ստամբուլում հուզել է թուրք հանդիսականին ================================================================================ tert.am on 16/03/2012 14:30:00 Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում մարտի 15-ին ցուցադրվել է Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Այն ներկայացվել է Ստամբուլի Filmmor Կանանց միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Կինոդիտումն անցկացվել է լեփ-լեցուն դահլիճում. ներկա են եղել թուրքական ընդդիմության ներկայացուցիչներ, գիտնականներ, բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչպես նաև` Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանը: Այն այնպիսի մեծ հաջողություն է ունեցել, որ կրկին է ցուցադրվել: Ցուցադրությունից հետո, թուրք հանդիսատեսներից մեկը, ում անունը չի նշվում, էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանին (նա ներկա չի եղել ֆիլմի ցուցադրությանը), որտեղ կիսվել է իր տպավորություններով: «Ցուցադրությունից հետո բոլորն անչափ հուզված էին, ոչ ոք չէր խոսում, նայում էինք մեկմեկու: Մի պահ ես ինքս ինձ այնքան մեղավոր և կեղտոտ զգացի…ուզում էի բարձր գոռալ: Ամբողջ ճանապարհին դեպի տուն ես լուռ էի: Հասնելով դռանը` մի պահ նայեցի երկնքին, աստղերն այնքան պայծառ էին շողում…դրանք ինձ օգնեցին իմ մեջ ուժ գտնել` լուսավոր ապագային հավատալու»: Մեկ այլ թուրք հանդիսատեսի` Խարդալյանին ուղարկված հաղորդագրության մեջ նշվել է, որ բազմաթիվ գրավոր սպառնալիքներ են ուղարկվել Filmmor Կանանց միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, սակայն վերջիններս տեղի չեն տվել, և ֆիլմը, այնուամենայնիվ, ցուցադրվել է: Կինոնկարի ծանուցման մեջ գրված է .«Մեծ մայրս մի քիչ տարօրինակ էր, ոչ ոք նրան չի սիրել, նրան երբեք չեն գրկել: Նրա ձեռքի և դեմքի վրայի կապույտ դաջվածքները սարսափազդու էին: Սատանայական նշաններ հիշեցնող այս դաջվածքները վախ էին ներշնչում: Ո՞րն էր մեծ մորս սխալը, ինչո՞ւ էր նա այդքան տարօրինակ: Ո՞վ էր այդ դաջվածքներն արել. նման հարցեր տալը սխալ էր: Մեծ մոր մասին խոսելն արգելված էր»: Ֆիլմը կցուցադրվի նաև Վանում, Հաքյարըում և Չանաքքալեում: Նշենք, որ վերջերս ֆիլմը ցուցադրվել է Շվեդիայի պետական հեռուստատեսությամբ, ինչի կապակցությամբ տեղի թուրքական համայնքը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նրանք հազարավոր բողոքի նամակներ են ուղարկել հեռուստաընկերությանը: