Հայաստան – Լուրեր – Լրատվություն - Օրաթերթ: Հերթական խորհրդակցությունը մարզպետների մասնակցությամբ Հերթական խորհրդակցությունը մարզպետների մասնակցությամբ ================================================================================ Oratert News portal on 27/01/2012 21:44:00 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվեցին հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ պարարտանյութի փոխադրման եւ պատվիրված խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացն իրականացվելու է կազմակերպված` կառավարության ջանքերով եւ համապատասխան մարզպետի աջակցությամբ, իսկ համայնքապետերն արդեն տեղեկացված են, որ տեղերում պետք է կազմակերպեն բեռնաթափման, բաշխման աշխատանքները: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել գործընթացը` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց պետք է գանձվի 6000 դրամ եւ ոչ ավելի: Անդրադարձ եղավ նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրված սերմացուի վերադարձելիության գործընթացին: Մարզպետներին ներկայացվեց անցած տարվա համեմատ 2012թ. համայնքների բյուջեների պլանային ցուցանիշների վերլուծությունը: Փոխվարչապետը նկատեց, որ ցուցանիշների նվազեցման պարագայում պետք է ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ: Տեղեկացվեց նաեւ, որ մարզպետարաններում նախատեսվում է ներդնել կենտրոնական գանձապետական համակարգի "գործառնական օր" ծրագիրը: Այն արդեն գործում է նախարարությունում, որի միջոցով հնարավոր է օրական կտրվածքով հետեւել համայնքների եկամուտների հավաքագրմանը: Բացի այդ, համայնքների հարկային բազաների կառավարման արդյունավետության նպատակով աշխատանքներ են իրականացվում գույքահարկի եւ հողի հարկի ավտոմատացված համակարգը հանրապետության ողջ տարածքում կիրառելի դարձնելու համար: Համակարգն արդեն ներդրվել եւ հաջողությամբ գործում է համայնքային որոշ միություններում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք այլ հարցեր եւս: