Քոֆի Անանը ՌԴ ԱԳ նախարարին է ներկայացրել Սիրիա այցելության արդյունքները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի հետ:
Ինչպես հաղորդում է թղթակիցը` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Անանը Ռուսաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Սիրիա իր այցելության արդյունքները եւ իր գնահատականները երկրում իրավիճակի զարգացման վերաբերյալ:
Լավրովն ընդգծել է, որ կատարվածը հաստատում է, որ հատուկ ներկայացուցչի խաղաղարար ծրագիրը այլընտրանք չունի Սիրիայում քաղաքական եւ դիվանագիտական ճգնաժամի կարգավորման գործում: Նախարարը նշել է, որ ներկա փուլում գլխավոր խնդիրը բոլոր առանցքային դերակատարների ջանքերի համախմբումն է` Անանի առաջարկների իրագործումն ապահովելու նպատակով: «Ռուսաստանն այս նպատակով կանոնավոր շփում է հաստատում սիրիական իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները, հատկապես նրանք, ովքեր ազդեցիկ դեր ունեն Սիրիայի ընդդիմադիրների շրջանում, նույն կերպ կգործեն»,- նշել է Լավրովը: Նրա խոսքով` Անանի ջանքերի իրագործման համար Ռուսաստանը պատրաստ է վերանայել հետագա աշխատանքի բազմաբնույթ տարբերակներ, որոնք թույլ կտան համակարգել Սիրիայի հարցի լուծման միջազգային հանրության գործունեությունը:
Անանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման նպատակով իր ջանքերին աջակցելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս ակտիվ գործել իր խաղաղարար ծրագիրը կյանքի կոչելու համար:



Ձեր մեկնաբանությունը