Home | Սփյուռք | Հայաստան- սփյուռք կապերը «Կապուտիկյանի հետքերով»

Հայաստան- սփյուռք կապերը «Կապուտիկյանի հետքերով»

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Արդեն հինգ տարի է` Սիլվա Կապուտիկյանը մեզ հետ չէ, բայց հայրենիքում թե սփյուռքում հայությունը շարունակում է համախմբվել նրա գործի շուրջ, կազմակերպել իմաստալից, գեղեցիկ հանդիպումներ: Օրերս Քյոլնի «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միությունը հյուրընկալել էր բանաստեղծուհու անունը կրող գրական հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանին, ով հանդես եկավ «Կապուտիկյանը, սփյուռքը և արցախյան շարժումը» թեմայով բանախոսությամբ, ցուցադրեց հետաքրքիր տեսանյութեր:

   Հուզիչ երեկոյից հետո Գերմանահայոց կեդրոնական խորհրդի փոխնախագահ դր. Համազ  Ղազարյանը զրուցեց նրա հետ: 

-Տիկին Դեմիրճյան, խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք` ո՞րն է սույն այցի նպատակը:

 -Ես Գերմանիա եմ ժամանել մի ծրագրով, որ կարելի է անվանել  «Կապուտիկյանի հետքերով»: Նախագծիս թեև հիմնականում հայկական շրջանակների հետ էր նախատեսվում, հովանավորվեց Հայաստանի հետ գիտակրթական ծրագրեր իրականացնող գերմանական DAAD կազմակերպության կողմից, իսկ համագործակցությունը կազմակերպեց Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Իրմելա Շնայդերը: Այցիս բուն նպատակը հայրենիք-սփյուռք կապերը ըստ Կապուտիկյանի վերարծարծելը ու նաև Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը արժանվույնս ներկայացնելն է, թանգարանի զարգացման համար հեռանկարներ որոնելը: 

-Կարելի՞ Է ենթադրել, որ Ձեր աշխատանքի հիմքում Դուք դնում եք Սիլվա  Կապուտիկյանի ուղեգրությունները: 

-Այո, ճիշտ եք գուշակում: Ընդհանրապես, հայրենիք-սփյուռք կապը և սփյուռքի վերազարթոնքը դժվար է պատկերացնել առանց Կապուտիկյանի ուղեգրությունների: Նա քաղաքական բացառիկ հոտառություն ունեցող մեր այն գրող-գործիչներից էր, որ կռահեց ապագան ճիշտ շարունակելու, հայոց մասնատված հատվածները միմյանց կապելու անհրաժեշտությունը և կամավոր դարձավ դեպի սփյուռքի գաղութներ թևածող  այն ծիծեռնակը, որ շյուղ առ շյուղ հավաքեց, Հայաստան բերեց սփյուռքահայ կյանքի պատմությունը, կամուրջ կապեց հայության երկու հատվածների միջև: Ժամանակն է գնահատել բանաստեղծուհու մեծ վաստակը և շարունակել նրա սկսած գործը, որովհետև սփյուռքը անընդհատ փոփոխվող ու շարժուն մարմին է,  իսկ թանգարանը հայոց սրբատեղիների շարքում մի նորաբաց օղակ է, որ կարող է դառնալ հայոց մեծ երազանքն իրականացնող` հայությանը համախմբող պտուտակներից մեկը:

 -Բազմաթիվ մարդիկ պիտի ուզենային իմանալ, թե ինչպիսի՞ն է տուն-թանգարանը:  

 -2008 թ. բացված այս թանգարանը հիմնադրվեց հենց այն տանը, որտեղ կյանքի վերջին երեսուն տարիներն ապրեց ու արարեց բանաստեղծուհին: Ժամանակին պատշգամբ դուրս գալիս նա սիրում էր կատակով ասել. «Տեսնո՞ւմ եք ինչ հոգատարությամբ եմ շրջապատված. դիմացից Ազգային ժոողովն է,  ձախից`Գիտությունների ակադեմիան, իսկ աջից`Նախագահի նստավայրը»: Այսպիսիմիջավայրում` երևանյան նոր ժամանակների հևքն իր մեջ կրող այս օազիսում, մարդ ակամայից սուրբ երկյուղածությամբ է համակվում, որովհետև հայությամբ ապրել-շնչելու մի անիմանալի դող, վարակիչ մի հոսանք է անցնում յուրաքանչյուրի մարմնով: Արդյոք դա նկարներից  ճառագող նրա մայրական աչքերի հոգատար արտահայտությունի±ց է, պատերին թողած նրա ձեռքերի հետքերի՞ց, տանը թևածող նրա հոգո՞ւց… Անշուշտ, բոլորը միասին, որովհետև սա պարզապես կոչվում է Կապուտիկյանի հարկ: Թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը` բանաստեղծուհու զարմուհին, առանց հուզմունքի չի կարողանում հիշել, թե երկրային կյանքին հրաժեշտ տալուց առաջ ի~նչ  հոգատարությամբ էր նա դասավորում սփյուռքի տարբեր գաղութներից, Ղարաբաղից, ընդհանրապես աշխարհի տարբեր անկյուններից ստացած հուշանվերները, մտորում գալիքի մասին, որն ինքը, ավաղ, այլևս չէր տեսնելու: Այսօր առանց վարանելու կարող ենք ասել, որ տուն-թանգարանը կատարում է այն նույն աշխատանքը, որ կյանքի օրոք անհատնում սիրով իրագործում էր բանաստեղծուհին:

 -Ո՞րն է հիմնադրամի դերը: Պետք է ենթադրել, որ դուք խիստ համագործակցված եք աշխատում: -Միանգամայն ճիշտ է: Մենք գործում ենք միևնույն հարկի տակ, և նպատակները մեծ մասամբ նույնն են: Թանգարանային ցուցադրությունը կազմակերպելուց զատ խնդիր ենք դրել վերահրատարակել բանաստեղծուհու գրական ժառանգությունը, տպագրել հուշեր և գիտական ժողովածուներ: Արդեն իսկ հրատարակել ենք հուշերի առաջին գիրքը, գիտական մեկ ժողովածու և  մի քառահատորյակ, որում ամփոփել ենք Կապուտիկյանի լավագույն բանաստեղծությունները: Թողարկել ենք նաև նրա խոսքերով գրված լավագույն երգերի երկու ձայնասկավառակ: Այժմ նպատակ ունենք գեղեցիկ նկրազարդումներով հրատարակել մանկական բանաստեղծությունները, ապա նաև` տարբեր լեզուներով մի առանձին ընտրանի, որը  խիստ ցանկալի է`բանաստեղծուհու վաստակը միջազգային հանրությանը պարզելու տեսակետից: Օրվա թելադրանքով`մենք պիտի շտապենք հայոց բարձր բանաստեղծությունը ներկայացնել համայն մոլորակի բնակչությանը, որի իրականացման մեջ, կարծում ենք, մեծ պիտի լինի նաև սփյուռքի աջակցությունը: 

-Ի՞նչ կասեք գերմանահայ համայնքից ստացած Ձեր տպավորությունների մասին: 

-Ուղևորությանս ընթացքում ես հասցրի ծանոթանալ Քյոլնի, Մայնի Ֆրանկֆուրտի և Բեռլինի հայությանը, եղա նաև Վիեննայի Մխիթարյան միաբանությունում: Ուրախացնողն այն է, որ վերջին հարյուր տարվա գիտական և մշակութային ձեռքբերումները դարձյալ ընթացքի մեջ են, և կան ուժեր, որոնք կայուն զարգացում են ուզում ապահովել վաղվա համար: Կարևորագույններից են Գերմանահայոց կեդրոնական խորհուրդը   /Ազատ Օրդուխանյանի ղեկավարությամբ/, Բոխումի Ռուր համալսարանում գործող սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտը /Միհրան Դաբաղի տնօրինությամբ /, Հալեի համալսարանում բացված  «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը /Արմենուհի Դրոստ-Աբգարյանի գլխավորությամբ/, Գերմանիայի հայ գործարարների միությունը /Մուրադ Աքյուզի տնօրինությամբ/, Պոտսդամում գործող Լեյփսիուսի գիտահետազոտական տուն-թանգարանը, Հայ ակադեմիականների միությունը,  որն, ի դեպ, մեծ առաքելություն է ստանձնել Հայաստանում հիմնելուօտարալեզու գրքերի գրադարան, որում ցանկալի կլիներ տեսնել նաև Կապուտիկյանին վերաբերող բոլոր նյութերը:

 Առօրյա դժվարություններից, թերևս, ամենաբարդը Թուրքիայից եկած թրքախոս սերնդի լեզվական խնդիրն է, որի հաղթահարման հոգսը ստանձնել է ինչպես եկեղեցին`արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ, այնպես էլ այլ միություններ: Մշակութային լուրջ աշխատանք է տանում նաև  «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միությունը /Այլին Խաչատրյանի ատենապետությամբ/, որտեղ հիմնականում ընդգրկված են պարսկահայ ու հայաստանյան ուժեր և ամեն ինչ անում են, որ ասմունքի, երգ-երաժշտության,   թատերական ներկայացումների միջոցով գործուն պահեն հայկական միջավայրը: 

-Ի՞նչ կուզենայիք մաղթել մնացողներին: 

-Մեկ բառով`լավատեսություն, իսկ ավելի ընդարձակ` անխոնջ աշխատելու, շատ ավելի մեծ ծրագրեր իրականացնելու ուժ ու եռանդ: Սա, իհարկե, միակողմանի հնարավոր չէ:  Մենք մեր երազանքներին կհասնենք հայրենիք-համայնք կապերի բոլոր լծակներն աշխատացնելով, մեզ ձեռք մեկնող երկրների ու կազմակերպությունների հետ առավել արդյունավետ համագործակցելով: Դրա լուծման բանալիները տվել է նաև հայոց սփյուռքի հետ հասակ առած, նրա խնդիրները լավ իմացող Կապուտիկյանը`ամենայն հայոց բանաստեղծուհին: Նրա գործերը միշտ էլ կխանդավառեն մեզ և կստիպեն ապրել բաց աչքով, գնալ դեպի հաղթանակներ: 

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
5.00