Հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդես`Հալլեում
Հալլե քաղաքի Kunstforum պատմական շենքում տեղի է ունեցել հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Այն կազմակերպվել էր Սաքսոոնիա Անհալտի մշակույթի նախարարության, Բեռլինի հանրային գրադարանի, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի «Մեսրոբ» հայագիտական կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսի ֆինանսական հովանավորն է Հալլեի խնայդրամարկղը (Saalesparkasse): Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Երեւանից ժամանած պատվիրակությունը` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Բացման արարողությանը մասնակցել է ԳԴՀ արտաքին գործերի պետական նախարար տիկին Կորնելիա Պիպերը: Ներկա էին նաեւ Սաքսոնիա Անհալտի քաղաքական, տնտեսական, գիտա-կրթական եւ մշակութային ճանաչված գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հալլեի խնայդրամարկղի ղեկավար Ֆր. Շտումպֆը, որից հետո ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցներին դիմել է Սաքսոնիա Անհալտ երկրամասի մշակույթի նախարար Ս. Գորգեռլոհն: Այնուհետեւ ելույթով հանդես է եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են նաեւ Բեռլինի հանրային գրադարանի գլխավոր տնօրեն տիկին Բ. Շնայդեր-Կեմպֆը եւ Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ու. Շտրյոտերը: Ցուցահանդեսի մի քանի տասնյակ ունիկալ ցուցանմուշների մասին տեղեկատվությունը ներկայացրել են Բեռլինի հանրային գրադարանի բաժնի վարիչ տիկին Մելինե Փեհլեվանյանը եւ Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի «Մեսրոբ» հայագիտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր տիկին Ա. Դրոստ-Աբգարյանը:
Բացման արարողությունից հետո մասնակիցները ծանոթացել են բազմադարյա պատմություն ունեցող ձեռագիր եւ տպագիր գրքերին: Ցուցահանդեսի դիտումից հետո մասնակիցները այցելել են Հենդելի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել համերգ հայ եւ գերմանացի երաժիշտների մասնակցությամբ:



Ձեր մեկնաբանությունը