Գոլի ու գոլային փոխանցման հեղինակը Յուրա Մովսիսյանն է
Ռուսաստանի առաջնության վերջին տուրում Կրասնոդարի համանուն թիմը Նալչիկում ոչ-ոքի (3:3) խաղաց տեղի «Սպարտակի» հետ և վաստակած 61 միավորով առաջնությունն ավարտեց 9-րդ հորիզոնականում:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանըոչ միայն մասնակցեց ամբողջ հանդիպմանը, այլև դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: 21-րդ րոպեին Մովսիսյանի փոխանցումից հետո Լամբարսկին հաշիվը դարձրեց 2:2, իսկ 70-րդ րոպեին Յուրան հստակ իրացրեց 11 մետրանոցը` առաջ մղելով իր թիմին: Նշենք, որ Մովսիսյանը «Կրասնոդարի» լավագույն ռմբարկուն է և ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 14-րդ գոլը:
Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Հրայր Մկոյանն ընդգրկված չէր «Սպարտակի» մեկնարկային կազմում: Հիշեցնենք, որ «Սպարտակը» դեռ 2 տուր առաջ էր հրաժեշտ տվել Պրեմիեր լիգային:
Ռուսաստանի առաջնության մյուս անհաջողակը` «Տոմը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Ռոստովին», ինչը նշանակում է, որ «Ռոստովը» Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար ստիպված կլինի անցումային հանդիպումներ անցկացնել, իսկ «Կրիլյա Սովետովը», որն իր հերթին ոչ-ոքի (1:1) խաղաց «Թերեքի» հետ, պահպանեց իր տեղը ուժեղագույնների խմբում:
«Ամկարը» 4:1 հաշվով ջախջախեց «Վոլգային» և մրցաշրջանն ավարտեց 10-րդ տեղում: «Վոլգան» նույնպես անցումային հանդիպումներ կանցկացնի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար:



Ձեր մեկնաբանությունը