Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տոնեց իր 34-րդ հաղթանակը
Գերմանիայի Կիլ քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մրցեց լեհ Պյոտր Վիլշեւսկու հետ:
Իր կարիերայի 37-րդ մրցամարտում 33-ամյա Արթուր Աբրահամը կարողացավ պարտության մատնել մեկ այլ փորձառու մարզիկի, ով 33-րդ անգամ էր դուրս գալիս պրոֆեսիոնալ ռինգ:
Հաղթանակի համար Աբրահամը մեծ ջանքեր թափեց, սակայն ողջ մրցամարտի ընթացքում Արթուրն ուներ ընդգծված առավելություն:
Հենց մեկնարկայից նկատելի էր, որ Արթուրն այս մրցամարտում հաղթելու շատ մեծ հնարավորություններ ունի: Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը գրագետ պաշտպանվում էր ու ժամանակ առ ժամանակ վստահ գրոհներ էր ձեռնարկում, որոնք ընթացքում ավելացնում էր միավորների քանակը:
Թեեւ Աբրահամի բազմաթիվ հարվածներ հասան նպատակին, բայց բոլոր 12 ռաունդներն էլ անցան առանց նոկդաունների: Մրցամարտի միջնամասում էլ Վիլշեւսկին նկատողություն ստացավ գլուխը կախած մենամարտելու համար, որից հետո արդեն Աբրահամի հաղթանակը կասկած չէր հարուցում:
Վերջին 12-րդ ռաունդից հետո մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին, ով 34-րդ հաղթանակը տոնեց իր կարիերայում՝ պաշտպանելով WBO-ի վարկածով սուպերմիջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն այս տարի երկրորդ հաղթանակ տոնեց: Հունվարին հայ բռնցքամարտիկը նոկաուտով առավելության էր հասել արգենտինացի Պաբլո Ֆարիասի նկատմամբ:
Արթուր Աբրահամ-Պյոտր Վիլշեւսկի՝ 118:109, 118:109, 119:108



Ձեր մեկնաբանությունը