«Կիսաբաց լուսամուտներ»-ում կկայանա բանավեճ Նունե Եսայանի և Slaq.am-ի գլխավոր խմբագրի միջև
Վաղը ATV հեռուստաընկերությունում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ կկայանա բանավեճ երգչուհի Նունե Եսայանի և Slaq.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանի միջև:
Հաղորդման նկարահանումը կսկսվի ժամը 20:00-ին` «Արմենիա» հեռուստաընկերության շենքում, սակայն հաղորդման ցուցադրման օրը դեռևս հայտնի չէ:
Ըստ որոշ տեղեկությունների, չնայած ասուլիսում իր կողմից արված հայտարարությանը, թե «այս անգամ ներում է», երգչուհին, այնուամենայնիվ, պատրաստվում է դատական հայց ներկայացնել Slaq.am լրատվական կայքի դեմ:
Հիշեցնենք, որ երգչուհուն զայրացրել է այն հրապարակումը, որում քննադատվում էր Ստամբուլում իր կողմից արված հայտարարությունները:
Մասնավորապես` Ստամբուլում հայ համայնքի համար տրված համերգից մեկ օր առաջ, ՀՀ վաստակավոր արտիստուհին հարցազրույց էր տվել թուրքական Hurriyet daily պարբերականին, որում ասել էր.
«Այո, սահմանը քաղաքական նկատառումներով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Հայերը ցեղասպանությունիցմնացած մեծ սպիներ ունեն, սակայն դա մեզ չի խանգարում նայել ապագային: Թշնամանքի զգացումն անիմաստ է. նոր սերունդն այլևս չի մտածում հին սերունդի նման»:
Երևան վերադառնալուց հետո երգչուհին ասուլիս հրավիրեց և բոլոր լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, թե «մեր սրտերը բաց են» ասելով, նկատի է ունեցել արվեստագետներին և նման հայտարարություն չի արել ողջ հայ ազգի անունից:
Իսկ ահա իր մյուս արտահայտությունների մասին ասուլիսում խոսք անգամ չեղավ:
Ինչ վերաբերում է Slaq.am-ի քննադատական հոդվածին, ապա երգչուհին դա որակեց ոչ պրոֆեսիոնալ:
«Ես իմ ապրելաձևով միմիայն արհամարհելով կարող եմ պատժել որևէ մեկին, մանավանդ քեզնից ցածր մեկին միմիայն արհամարհելով կպատժեմ»,- սա էլ երգչուհու կողմից Slaq.am-ի լրագրողի հասցեին հնչեցված արտահայտությունն էր:
Նունե Եսայանը ասուլիսից հետո չզլացավ և մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցներում նույն արտահայտությունն արեց լրագրողի նկատմամբ և ամեն տեղ նշեց, որ պետք է աշխատանքից ազատել լրագրողին, որին հաջորդեց slaq.am-ի գլխավոր խմբագրի պատասխան հոդվածը, որով Նունե Եսայանի «խորհուրդը» մերժվեց:
Ի վերջո, երբ թեման արդեն համարվում էր փակված և կրքերը հանդարտվել էին, slaq.am-ը հրավեր ստացավ ATV-ի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման կողմից:
Մեր կողմից հրավերը մերժելու քայլը կարող էր դիտվել որպես պարտվողական քաղաքականություն, ուստի և որոշում կայացվեց մասնակցել այդ հաղորդմանը:



Ձեր մեկնաբանությունը