ԵԱՀԿ համանախագահները «խիստ մտահոգված» են հայ-ադրբեջանական հրադադարի ռեժիմի խախտումներից
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ հրադարարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ այսօր հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա)` նշելով, որ իրենք «խիստ մտահոգված» են հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ վերջին հաղորդագրություններով, որոնց արդյունքում զոհեր ու կորուստներ են արձանագրվել:
«Նման անմիտ գործողությունները խախտում են կողմերի՝ ուժի կիրառումից զերծ մնալու և ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունները, ինչպես նաև հակասում են 2012 թվականի հունվարի 23-ին նախագահներ Ալիևի և Սարգսյանի ընդունած համատեղ հայտարարության ոգուն: Համանախագահները խստորեն դատապարտում են կյանքի որևէ կորուստ և վերահաստատում, որ հակամարտության կարգավորման գործում խաղաղ բանակցային ճանապարհը այլընտրանք չունի:
Համանախագահները բոլոր կողմերին կոչ են անում հետևել 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմին և զերծ մնալ պատժից գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր լարվածության», - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հրադադադարի խախտման հետևանքով միայն այս գիշեր երեք հայ պայմանագրային զինծառայող է զոհվել։



Ձեր մեկնաբանությունը